National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
25.09.2018
Արա Բաբլոյանը հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահի հետ
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Շվեյցարիա կատարած պաշտոնական այցի շրջանակում սեպտեմբերի 25-ին Բեռնում հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահի տեղակալ Ուլի Մաուրերի հետ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է հայ-շվեյցարական միջպետական հարաբերություններին՝ նշելով, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր դրանք զարգացման առավել ակտիվ դինամիկա են ձեռք բերել վերջին տասնամյակի ընթացքում: Այս համատեքստում ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը գոհունակությամբ ընդգծել է երկու երկրների սերտ համագործակցությունը նաեւ միջխորհրդարանական մակարդակում, կարեւորել պատգամավորական բարեկամության խմբերի ավանդը երկկողմ կապերի զարգացման գործում:

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ հայ-շվեյցարական համագործակցության շրջանակը բավականին լայն է՝ առեւտրատնտեսական կապեր, աջակցության ծրագրերի շրջանակում իրականացվող արդյունավետ համագործակցություն, մասնագիտական հմտությունների ամրապնդման եւ կրթական ծրագրեր, տասնյակից ավելի իրավական փաստաթղթեր ընդգրկող իրավապայմանագրային դաշտ:

Խոսելով տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների մասին՝ ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ Հայաստանը կարող է կամուրջ դառնալ եվրոպական եւ եվրասիական շուկաների միջեւ եւ գրավիչ լինել եվրասիական ընդարձակ շուկա առանց մաքսատուրքի մուտք ունենալու հնարավորությամբ հետաքրքրված շվեյցարացի ներդրողների համար:

Որպես Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման ջատագով՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահը վստահեցրել է, որ այսուհետ եւս ջանքեր կգործադրվեն երկկողմ համագործակցության առավել սերտացման եւ ընդլայնման ուղղությամբ:

Շվեյցարիայի Համադաշնության նախագահի տեղակալ Ուլի Մաուրերը նշել է, որ երկու երկրների ու ժողովուրդների բարեկամությունն ամուր հիմքերի վրա է դրված:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Շվեյցարիա-Հայաստան առեւտրային պալատի գործունեությանը, երկկողմ տնտեսական հարաբերությունների աշխուժացմանը, զբոսաշրջության, մշակույթի եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերի: Արա Բաբլոյանը մասնավորապես խոսել է Հայաստան-Շվեյցարիա ուղիղ չվերթ ունենալու կարեւորության մասին:

Հանդիպման ավարտին կողմերն առկա բարենպաստ համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am